Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վիգեն Սարգսյան. Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր բանակ

Վիգեն Սարգսյան. Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր բանակ
09.05.2018 | 12:29

ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել` տեսաուղերձով.
-Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:


Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ոչ արհեստավարժության, ոչ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը: Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած նախագահ Սերժ Սարգսյանից ստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:


Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:


Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում: Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք և վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվում պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր հաջողությունների և վրիպումների, սխրանքների և սխալների, միջադեպերի և հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մեր հանրությունը միշտ հպարտանա և երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:


Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետևեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում: Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ